Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է դատախազության աշխատողի օրվա եւ ՀՀ դատախազության կազմավորման 95-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե կառավարության եւ անձամբ իր անունից շնորհավորելով բոլոր դատախազներին օրվա կապակցությամբ՝ վարչապետը մաղթել է բեղմնավոր աշխատանք՝ ի փառս մեր հայրենիքի:

«Դատախազությունը մեծ ճանապարհ է անցել եւ այսօր ձեր առջեւ կանգնած են նոր խնդիրներ: Հայաստանի Հանրապետությունում ձեւավորվում է քաղաքացիական հասարակություն եւ որը որակապես փոխում է մեր առջեւ կանգնած խնդիրների առաջնահերթությունները: ՀՀ նախագահը՝ մեր քաղաքական թիմի ղեկավարը, մեր առջեւ խնդիր է դրել, որպեսզի ինքներս բացահայտենք մեր բացթողումները, հրապարակային ձեւով ինքներս խոսենք դրանց մասին: Դա է ստեղծում խնդիրները հաղթահարելու  երաշխիքները»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ դատախազությունը նույնպես ունի բազմաթիվ խնդիրներ: Վարչապետի դիտարկմամբ՝ այսօրվա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ իրենք խոսում են այն խնդիրների ու ռիսկերի մասին, որոնք դեռեւս համակարգում տեսանելի են: «Դա մեզ հնարավորություն է տալու միասին առաջ գնալ: Միեւնույն ժամանակ, դա ամենեւին չի նշանակում, որ մենք չպետք է նկատենք այն դրական ձեռքբերումները, դինամիկան, որն այսօր գոյություն ունի դատախազության աշխատանքներում, դա չի նշանակում, որ մենք չպետք է մեծարենք այն ազնիվ եւ պարկեշտ աշխատողներին, ովքեր այսօր աշխատում են դատախազական համակարգում: Դա է առաջ շարժվելու ճանապարհը: Միեւնույն ժամանակ, երբ մենք խոսում ենք մեր բացթողումների եւ թերությունների մասին, ամենեւին չի նշանակում, որ ոմանք իրավունք ունեն ցեխ լցնել ամբողջ համակարգի վրա եւ սեւացնել ամեն ինչ: Ցավոք սրտի, դա դեռեւս հաճախ է հանդիպում մեր առօրյա կյանքում»,- նկատել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ մենք այսօր քաղաքացիական հասարակության կառուցման վկան ենք, սակայն, գործադիրի ղեկավարի կարծիքով, դա հեշտ ճանապարհ չէ, որովհետեւ շատ  հաճախ պարզվում է, որ մեր հասարակության բազմաթիվ օղակներ դեռեւս չեն գիտակցում այն պարզ հանգամանքը, որ ազատությունը, ժողովրդավարությունը, միեւնույն ժամանակ, ենթադրում է նաեւ պատասխանատվություն:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է այդ հանգամանքի վրա եւս ուշադրություն դարձնել, իսկ դրա հաջողության բանալին կայանում է պրոֆեսիոնալիզմի բարձրացման մեջ: Դա, ըստ վարչապետի, նշանակում է, որ կադրային քաղաքականությունը, այդ թվում դատախազությունում, ունի էական նշանակություն մեր ապագա հաջողություններն արձանագրելու համար:

Կառավարության ղեկավարը հավաստիացրել է, որ հետագայում եւս գործադիրը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ դատախազությունում  աշխատանքային բարենպաստ պայմաններ ստեղծելու, դատախազների մասնագիտական ու սոցիալական խնդիրները լուծելու համար: 

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, դատախազության աշխատողի օրվա եւ ՀՀ դատախազության կազմավորման 95-ամյակի կապակցությամբ վարչապետի հուշամեդալով են պարգեւատրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազ Արշավիր Ղարամյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանը եւ «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Սարգսյանը: Վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանը եւ Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանը:

Իր հերթին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին պարգեւատրել է դատախազության 95-ամյակի հուշամեդալով: