Վերջին շրջանում ակտիվացել է բժիշկների եւ գիտնականների հայ-իրանական փոխհամագործակցությունը, ինչպես նաեւ հիգիենիկ-հակահամաճարակային իրադրության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Իրանի առողջապահության համակարգերի համագործակցությունն ընթանում է երկու երկրի նախարարների կողմից ստորագրված համագործակցության հուշագրերի շրջանակներում:

Դերենիկ Դումանյանն անդրադարձել է նաեւ անցած աշնանը Երեւանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում քննարկված այն հարցերին, որոնք վերաբերել են բուժական, դեղագործական, հիգիենիկ-հակահամաճարակային պայքարի ոլորտներում համագործակցության զարգացմանը։ Նախարարը դեսպանի ուշադրություն է հրավիրել ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրանական կողմին ներկայացված «ՀՀ եւ ԻԻՀ տարածքներում հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների, տարածաշրջանային եւ անդրսահմանային նշանակության արտակարգ իրավիճակների արձանագրման դեպքում փոխտեղեկատվության ապահովման վերաբերյալ» կարգի նախագծի վրա եւ նշել, որ փաստաթղթի ստորագրումից հետո երկու երկրի առողջապահության նախարարությունների համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի։

Դերենիկ Դումանյանը հայտնեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ պատրաստակամ են Երեւանում ընդունելու ԻԻՀ բժշկական կրթության եւ առողջապահության նախարարության պատվիրակությանը:

Մոհամմադ Ռեիսին իր հերթին նշել է, Իրանում վերջին տարիներին առողջապահության եւ դեղագործության ոլորտներում մեծ զարգացումներ են արձանագրվել։