ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը Հայաստան վերադառնալուց հետո անպայման խոսելու է ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ, որ նա ոչ ոքի չնեղացնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Աշոտ Աղաբաբյանը՝ անդրադառնալով Շիրակի մարզի բնակիչների այն դժգոհություններին, թե Սամվել Ալեքսանյանը մոնոպոլիզացրել է խոզաբուծության ոլորտը:
«Ես երկրում չեմ, բայց որ վերադառնամ անպայման խոսելու եմ: Գործարար մարդիկ ընդհանրապես ինչքան էլ իրենց բիզնեսի մասին մտածեն, իրենք հարկատու են եւ մեր երկրի բյուջեն դրանից է լցվում: Բայց ես որ գամ, անպայման հետը խոսելու եմ, որ գնային ստանդարտի մեջ մնա: Միաժամանակ ես իր մասին լուրջ եւ լավ կարծիք ունեմ: Ինքը լավ մարդ է, լավ տղա: Կփորձեմ ասել, որ ոչ ոքի չնեղացնի»,- նշեց Աշոտ Աղաբաբյանը եւ ավելացրեց, որ առաջիկա 4 օրերի ընթացքում կվերադառնա ու կհանդիպի:
Հիշեցնենք, որ Ամասիայի տարածաշրջանի բնակիչները բողոքել էին, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մոնոպոլիզացրել է խոզաբուծության ոլորտը, ու մարդիկ, ովքեր առեւտրային բանկերից բարձր տոկոսներով վարկեր էին վերցրել, խոզեր գնել, թանկ գնով կեր առել, մսի մթերման ժամանակ կանգնել են փաստի առջեւ՝ ստիպված են եղել էժան գնով վաճառել՝ կուտակելով հավելյալ պարտքեր:





























