Այսօր՝ հունիսի 29-ին լրանում է «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում դաժան ծեծի հետեւանքով մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան տարելիցը: Այդ կապակցությամբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ռեստորանի մոտ երեկոյան, ժամը 19-ին «Վահե Ավետյան» նախաձեռնությունը մոմավառություն եւ երթ է կազմակերպել:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, 2012թ. հունիսի 17-ին ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը մահացել է հունիսի 29-ին, ժամը 19:00-ի սահմաններում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ:

Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Վերջինիս գլխի ծանր վնասվածքով տեղափոխել էին հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Վիրահատությունը տեւել էր մի քանի ժամ, եւ Ավետյանն օրեր շարունակ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում:

Դեպքի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, ներկայումս ընթանում է դատավարություն,  ամբաստանյալի աթոռին նստած են Հայրապետյանի թիկնապահներն ու ռեստորանի աշխատակիցներ՝ Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը, Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը եւ Արթուր Բաբլոյանը:

Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց պատգամավորի մանդատից, սակայն Ավետյանի հարազատների եւ քաղաքացիական ակտիվ հասարակության ակրծիքով, հենց նա պետք է պատիժ կրի հայ սպայի սպանության համար: Այս մեկ տարվա ընթացքում բողոքի բազմաթիվ գործողություններ են եղել, սակայն որեւէ արդյունք չեն տվել: