Աշխարհի խոշորագույն մեդիակորպորացիաներից մեկը՝ Ռուպերտ Մերդոքին պատկանող News Corporation-ը  երկու մասի է բաժանվում։

Առաջինում կընդգրկվեն News Corp-ի ժամանցային ոլորտի բոլոր ակտիվները, այդ թվում՝ կինոստուդիան։

Երկրորդը կմիավորի Մերդոքի հրատարակչական բիզնեսը, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի թերթերը, հայտնում է BBC-ն։

Մերդոքը պնդում է, որ կորպորացիայի մասնատումը բաժնետերերի բաժնեմասն ավելի արժեքավոր կդարձնի։ Դա կնվազեցնի նաեւ Մերդոքին պատկանող թերթերի՝ գաղտնալսման սկանդալի կենտրոնում հայտնվելու ազդեցության ռիսկը հեռուստատեսության եւ կինոյի ոլորտում եկամուտ բերող ակտիվների վրա, նշում են դիտորդները։

Հիշեցնենք, լրագրողների կողմից մասնավոր անձանց, այդ թվում՝ հայտնի քաղաքական գործիչների  հեռախոսազրույցների գաղտնալսման մասին սկանդալի կենտրոնում էր հայտնվել Մերդոքին պատկանող կորպորացիայի հայտնի թերթերից մեկը՝ News of the World-ը։

News Corporation-ը միջազգային մեդիակորպորացիա է, որը հիմնադրվել է 1979թ. Ռուպերտ Մերդոքի կողմից։ Նա 20th Century Fox կինոստուդիայի, Fox News հեռուստաալիքի, BSkyB, Sky Deutschland, Sky Italia, Foxtel արբանյակային օպերատորների,  լրատվական Dow Jones գործակալության, գովազդային News Outdoor գործակալության, ինչպես նաեւ Wall Street Journal, Times, Sun եւ New York Post թերթերի սեփականատերն է։