Թեքսասցի դերասանուհի Շենոն Հեսս Ռիչարդսոնին 15 տարով կարող են բանտարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային եւ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին ռիցինով նամակներ ուղարկելու համար։ 35-ամյա հղի կնոջը հունիսի 28-ին մեղադրանքներ էին ներկայացվել  Թեքսարքան քաղաքի դատարանում։

«Վամպիրի օրագրերը» եւ «Քայլող մեռյալներ» սերիալների դերասանուհուն երեք հանցավոր դրվագ է վերագրվում։ Օբամայից եւ Բլումբերգից բացի, ռիցինով ու սպառնալիքներով նամակներ էր ստացել նաեւ  «Քաղաքապետերն ընդդեմ ապօրինի զենքի» կազմակերպության ղեկավար Մարկ Գլեյզը։ Ռիչարդսոնին յուրաքանչյուր մեղադրանքի դիմաց հինգ տարվա ազատազրկում է սպառնում եւ 250 հազար դոլարի տուգանք։

Սկզբում կինը փորձել էր նամակներ ուղարկելու մեղքը բարդել ամուսնու վրա։ Ամուսինը՝ Նաթանիել Ռիչարդսոնը, դրանից հետո ամուսնալուծության հայտ էր ներկայացրել եւ ամեն կերպ աջակցում է քննությանը՝ ապացուցելու համար իր անմեղությունը, հայտնում է ՆՏՎ-ն։

Քննության վարկածով՝ Շենոն Հեսս Ռիչարդսոնը անձամբ է մահաբեր թույնը պատրաստել։