Քաղցկեղի բուժման վերաբերյալ բժշկությունը դեռ չի կարող իր վերջին խոսքը ասել, հետեւաբար քաղցկեղի դեմ պայքարի  միակ արդյունավետ միջոցը կանխարգելումն է, որը պետք  է արվի պարբերական հետազոտությունների միջոցով: Այս  մասին այսօր` հունիսի 29-ին հրավիրված ասուլիսին ասաց  Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը խոսելով կանանց առողջության հիմնախնդիրների, եւ քաղցկեղի կանխարգելման դեմ տարվող պայքարի մասին:

Նրա խոսքով, երբ բժիշկը կարողանում է հիվանդությունը կանխարգելել ամենավաղ շրջանում, ապա փոքր վիրահատության միջոցով հնարավոր է ձերբազատվել քաղցկեղից: «Այս մեթոդով մեզ հաջողվել է 5-6 տարիների ընթացքում փրկել 4 հազար կնոջ կյանք»,- ավելացրեց Խաչանուշ Հակոբյանը: Նա նաեւ փոխանցեց, որ քաղցկեղը ամբողջ աշխարհում այդ թվում Հայաստանում ավելանում է: Տվյալ կենտրոնը օրական ունենում է մոտ 120 այցելու: «Կնոջ համար ամենախոցելի օրգանը դա կուրծքն է: Սա է պատճառը, որ խնդրում ենք մեր կանանց, որ տարին մեկ անգամ պետք է անցնեն մամոգրաֆիկ հետազոտություն: Իսկ մամոգրաֆիկ հետազոտության արժեքը 15-20 հազար դրամ է »,- խորհուրդ տվեց Խաչանուշ Հակոբյանը: