Հանրահայտ դերասան Ժերար Դեպարդյեն «Ռասպուտին» ֆիմլի սցենարը ցույց է տվել Վլադիմիր Պուտինին, որպեսզի վերջինս տեսնի, արդյոք այնտեղ պատմական փաստերի խեղաթյուրումներ չկան: Այդ մասին դերասանը հայտնել է Մոսկովյան միջազգային կնոփառատոնի փակմանը նվիրված ասուլիսում:

Նա նաեւ հայտարարել է, թե Պուտինի հետ բարեկամական հարաբերություններ ունի, եւ կարծում է, որ «նա շատ ուժեղ անհատականություն է, եւ հենց այդպիսինն է հիմա պետք Ռուսաստանին»:

Դեպարդյեի խոսքով` Ռասպուտինի բնավորության մեջ իրեն ավելի շատ գրավում է   ռուսական հոգին: Դերասանը կարծում է, որ Ռասպուտինն ապրում է  բոլորի մեջ. «Ո՞վ է Ռասպուտինը: Նա կյանքի էներգիա է,  որը կա բոլորիս մեջ: Այդ առումով մենք բոլորս մի փոքր ռասպուտիններ ենք», -ասել է նա:

«Ռասպուտին» ֆիլմը նկարահանվել էր 2011թ. ֆրանսիական հեռուստատեսության համար: 2013 թ-ին այն  որոշ փոփոխությունների է ենթարկվել` Ռուսաստանում ցուցադրության համար: Ռուսական տարբերակի ռեժիսորը Իրակլի Կվիրիկաձեն է: