Հայաստանը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել իր բոլոր հարեւանների հետ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մեր շահերից է բխում, որ շուտ լուծվեն տարաձայնությունները, եթե այդպիսիք կան, մեր դաշնակիցների, մեր գործընկերների, մեր հարեւանների միջեւ: Դա մեր շահերից է բխում եւ մենք շահագրգիռ ենք այդ մոտեցմամբ շարժվելու առաջ»,- ասել է Նալբանդյանը:

Հարցին, պատրաստ է արդյո՞ք Հայաստանը միջնորդի դեր ստանձնել այլ երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործում, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է. «Պետք չէ չափազանցել Հայաստանի հնարավորությունները: Բայց պատահում է, որ Հայաստանն էլ կարողանում է արդյունավետ միջնորդի դեր ստանձնել: Դա ապացուցվեց, երբ Հայաստանում կայացան Վերին Լարսի անցակետի բացման վերաբերյալ բանակցությունները: Դրանք հաջողվեցին: Բանակցությունները վարվեցին Հայաստանի միջնորդությամբ, եւ այսօր երբ անցակետը բաց է, կարող ենք ասել, որ դա մեծ հաջողություն է եւ Ռուսաստանի համար, եւ Վրաստանի համար, եւ իհարկե, Հայաստանի համար»: