Հայաստանում գործող օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերը եւ կազմակերպությունները պետք է իրենց կորպորատիվ կանոնները համապատասխանեցնեն Հայաստանի օրենքներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց կորպորատիվ իրավունքի մասնագետ Արտակ Գարոյանը, հավելելով, որ Հայաստանում որոշ դեպքերում այդ խնդիրը հիշեցնում է իր մասին:
«Իմ պրակտիկայում ես առնչվել եմ դեպքերի, երբ օտարերկրյա ընկերությունն իր հայկական մասնաճյուղի վրա է տարածել իր աշխատանքային կանոնները: Չպետք է մոռանալ, որ Հայաստանում աշխատանքային գործունեությունը բոլորովին այլ կերպ է կարգավորվում, քան ասենք ԱՄՆ-ում: Օրինակ այստեղ գոյություն ունի առավելագույն աշխատանքային շաբաթ հասկացությունը: Լրացուցիչ աշխատանքի դեպքում եւս կան հստակ սահմանափակումներ: ԱՄՆ-ում, կողմերի համաձայնությամբ եւ համապատասխան վճարի դեպքում, աշխատանքային օրը կարող է չնորմավորվել: Բայց մասնաճյուղը հայկական ընկերություն է համարվում, ուստի պետք է առաջին հերթին համապատասխանի Հայաստանի օրենքներին, նույնիսկ եթե ենթարկվում է օտարերկրյա ընկերության: Օտարերկրյա մենեջմենթը պետք է դա հասկանա, կամ էլ տեղի ենթակաները պետք է նրանց հասցնեն այդ գաղափարը»,-ասաց Գարոյանը:
Հավելենք, որ շատ հայ գործատուներ իրենք են խախտում աշխատանքային օրենսդրությունը, ոչ միայն ստիպելով իրենց աշխատակիցներին լրացուցիչ ժամեր աշխատել, այլեւ չեն վճարում դրա համար:





























