ԵՄ Խորհրդում նախագահությունը հուլիսի 1-ից Իռլանդիայից անցնում է Լիտվային: Որպես իր նախագահության առաջնային խնդիրներ` Վիլնյուսը նշել է «Արեւելյան գործընկերությանը» դինամիկա հաղորդելն ու բալթյան տարածաշրջանում Եվրամիության ռազմավարությունը, էներգետիկ անվտանգության հարցն ու ԵՄ արտաքին սահմանների պահպանության ամրապնդումը: Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հաղորդել է Լիտվայի Սեյմի` եվրոպական հարցերով կոմիտեի նախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Գեդիմինաս Կիկիլասը:

«Արեւելյան գործընկերության» առաջնայնության մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է նաեւ Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը: «Մենք կկենտրոնանանք երեք հիմնանպատակների վրա` ապահով, զարգացող եւ բաց Եվրոպայի ստեղծում.. Ձգտելու ենք մեծ ֆինանսական կայունություն ստեղծել...Նաեւ ջանքեր ենք ներդնելու, որպեսզի Եվրամիությունը աշխարհի համար բացության եւ անվտանգության օրինակ դառնա: Մենք նպատակ ունենք, որպեսզի Եվրոպայի ներսում վերջինիս արեւելյան գործընկերների հետ ինտեգրումն ավելի ամրապնդվի: Այս նպատակով 2013թ նոյեմբերին Վիլնյուսում կանցկացվի ԵՄ երկրների եւ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը: Շարունակելու ենք ԵՄ ընդլայնման քաղաքականությունը»,-ասել է նա:

Իր նախագահության ընթացքում Լիտվան կիրականացնի մոտ 3 հազար տարատեսակ միջոցառումներ Բրյուսելում եւ Լյուքսեմբուրգում: Լիտվայում կիրականացվեն մոտ 180 միջացառումներ, այդ թվում` 16 հանդիպումներ նախարարական մակարդակում: Նոյեմբերին Վիլնյուսում նախատեսվում է «Արեւելյան գործընկերության» ծրագրի անդամ-պետությունների ղեկավարների` բարձր մակարդակի հանդիպում: Չի բացառվում, որ այդ ժամանակ ԵՄ եւ Ուկրաինայի միջեւ ասոցացման եւ ազատ տնտեսական առեւտրի վերաբերյալ համաձայնագիր ստորագրվի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ այն մասին, որ ԵՄ-ում Լիտվայի նախագահության ընթացքում առաջնային խնդիրներից են լինելու Եվրամիության հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ, հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:

ԵՄ-ի` հարաբերություններն Արեւելյան համագործակցության երկրների հետ Լիտվայի նախագահության առաջնային խնդիրներից է http://news.am/rus/news/160292.html