ԱՄՆ-ն տարօրինակ ոչինչ չի տեսնում այլ երկրների մասին տեղեկություններ հավաքելու մեջ: Այդպես է արձագանքել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Վաշինգթոնի կողմից ԵՄ-ի ներկայացուցչությունների գաղտնալսման լուրերի կապակցությամբ Եվրամիության վրդովմունքին: Քերրին իր դիրքորոշումը հայտնել է Բրունեյի մամուլի ասուլիսում` ի պատասխան հանդիպման ընթացքում ԵՄ պատվիրակության ղեկավար Քեթրին Էշթոնի հնչեցրած անհանգստությանը: Քերրին հայտնել է, որ չի կարող պարզաբանել լուրերի մանրամասները, քանի որ դրանց ի հայտ գալու ժամանակ ինքն արտասահմանյան գործուղման մեջ է եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Քերրին նաեւ հույս է հայտնել, որ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի հետ կապված իրավիճակը չի ազդի Վաշինգտոնի եւ Պեկինի փոխհարաբերությունների վրա:
Մինչդեռ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Պինո Արլակին հայտնել է, որ Սնոուդենի գործի հետ կապված Եվրախորհրդարանը անթույլատրելի է համարում ԱՄՆ-ի հետ որեւէ նոր պայմանագրեր կնքելը, քանի դեռ հավաստիացում չի տրվել ու չեն ապամոնտաժվել այն բոլոր սարքավորումները, որոնց միջոցով ԱՄՆ-ն գաղտնալսել է քաղաքացիների անձնական խոսակցությունները:
Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հուլիսի 1-ին հայտարարել է, որ Բեռլինում ԱՄՆ-ի դեսպանը հրավիրվել է Գերմանիայի ԱԳՆ՝ ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության կողմից Գերմանիայ եւ ԵՄ այլ երկրների քաղաքացիների էլեկտրոնային նամակագրությանը հետեւելու հարցով:
Ավելի վաղ Guardian-ը հրապարակել էր ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերի մանրամասները: 2010թ. փաստաթղթում 38 դեսպանատներ եւ դիվանագիտական առաքելություններ են նշված՝ որպես գաղտնի ծառայությունների «թիրախներ»:
Guardian. ԱԱԳ-ն գաղտնալսել է ԱՄՆ-ում 38 դիվանագիտական առաքելությունների
Հունիսի 29-ին գերմանական Spiegel հրատարակությունը, նույնպես վկայակոչելով Սնոուդենի ներկայացրած փաստաթղթերը, գրել էր, որ ԱԱԳ-ն գաղտնալսել է Վաշինգթոնում եւ Նյու Յորքում ԵՄ-ի ներկայացուցչությունները եւ կոտրել նրանց համակարգչային ցանցերը:
ԱՄՆ-ում գաղտնալսել են Վաշինգտոնում ու Նյու Յորքում ԵՄ ներկայացուցչության դիվանագետներին





























