Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն անվտանգության ծառայություններին հանձնարարել է ստուգել աշխատանքային բոլոր գրասենյակները` էլեկտրոնային գաղտնալսման սարքերը հայտնաբերելու նպատակով,  Եվրահանձնաժողովի համակարգչային ցանցերի էլեկտրոնային ծառայությունները  նույնպես  ամբողջովին կստուգվեն: Այս մասին հայտարարել է ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Պիա Արենկիլդե Հանսենը:  Բարոզուն ԵՄ-ի արտաքին քաղաքականության ծառայությանը Քեթրին Էշթոնի ղեկավարության ներքո  հանձնարարել է ստանալ «Սպիտակ տան սպառիչ պատասխանները»:

«Եթե լրատվամիջոցների տեղեկությունը հաստատվի, դա կդառնա չափազանց  տագնապեցնող ազդանշան», - հայտնել է Պիա Արենկիլդե Հանսենը: Նա հրաժարվել է ասել, թե արդյոք կարող է այդ տեղեկությունը ազդել ԵՄ-ԱՄՆ ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունների վրա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Իր հերթին Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայքլ Մանը ԱՄՆ-ում ԵՄ-ի առաքելության գաղտնալսումն անվանել է «պատմության փաստ»: Ըստ լրատվամիջոցների` այդ տեղեկությունները վերաբերում են   մինչեւ  2010թ. ժամանակահատվածին: Սակայն այս պահին  ԱՄՆ-ում ԵՄ-ի դիվանագիտական առաքելությունն ու ՄԱԿ-ին առընթեր ԵՄ-ի ներկայացուցչությունն «արդեն նոր շենքեր են տեղափոխվել: «Այդ շենքերն ունեն ամենաժամանակակից պաշտպանական համակարգերը` լրտեսման ցանկացած տեսակի դեմ», - վստահեցրել է նա:

Ավելի վաղ բրիտանական Guardian-ը հրապարակել էր ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի տրամադրած մի փաստաթղթից հատվածներ: 2010թ. սեպտեմբերի փաստաթղթում թվարկված էին 38 դեսպանատները եւ դիվանագիտական առաքելությունները, որոնք նշվել էին որպես ամերիկյան հատուկ ծառայությունների «թիրախներ»:

Guardian. ԱԱԳ-ն գաղտնալսել է ԱՄՆ-ում 38 դիվանագիտական առաքելությունների

 Հունիսի 29-ին գերմանական Spiegel հրատարակությունը նույնպես, վկայակոչելով Սնոուդենի ներկայացրած փաստաթղթերը, գրել էր, որ ԱԱԳ-ն գաղտնալսել է Վաշինգտոնում եւ Նյու Յորքում ԵՄ-ի ներկայացուցչությունները եւ կոտրել նրանց համակարգչային ցանցերը: 

ԱՄՆ-ում գաղտնալսել են Վաշինգտոնում ու Նյու Յորքում ԵՄ ներկայացուցչության դիվանագետներին