Բացումից ընդամենը երեք տարի անց Հայաստանի Դիվանագիտական դպրոցը վերաճել է լավ համբավ ունեցող ուսումնական հաստատության: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին ԱԳՆ-ում, ԵՄ կողմից Դիվանագիտական դպրոցին աջակցության ծրագրի նոր փուլի մեկնարկին նվիրված միջոցառաման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Միջոցառմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Դիվանագիտական դպրոցի գործընկեր ԲՈՒՀ-երի ղեկավարներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, Դիվանագիտական դպրոցի տարբերի տարիների շրջանավարտներ:
Նալբանդյանի խոսքով՝ Դիվանագիտական դպրոցն առաջարկում է բարձրորակ մասնագիտական կրթություն նրանց, ովքեր ձգտում են համալրել ՀՀ դիվանագիտական ծառայությունը, ինչպես նաեւ վերապատրաստման ծրագրեր` իրենց կարիերայի կայացման ճանապարհին գտնվող դիվանագետներին եւ պետական այլ հաստատությունների արտաքին կապերի վարչությունների աշխատակիցներին:
«Այս ընթացքում Դիվանագիտական դպրոցը տվել է շուրջ 80 շրջանավարտ, որոնցից 41-ը ներկայումս աշխատում են Արտաքին գործերի նախարարությունում: Այս նոր ծրագրի մեկնարկը վառ հաստատումն է այն բանի, որ մեր միջազգային գործընկերները դրական են գնահատում Դիվանագիտական դպրոցի նվաճումները»,-ասել է արտգործնախարարը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան իր խոսքում, անդրադարձել է Դիվանագիտական դպրոցի անցած ճանապարհին, ընդգծելով, որ այն իր գործունեության կարճ ժամանակահատվածում այն բավականին շոշափելի արդյունքների է հասել եւ ԵՄ կողմից ֆինանսավորվող նոր ծրագիրը այդ անցած ուղու գնահատականն է։
2013թ. մայիսին մեկնարկած Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող նոր ծրագիրը աջակցելու է ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի վարչական եւ ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը։ Ծրագիրը կներառի նաեւ տեղեկատվական եւ արտադասարանային մի շարք լրացուցիչ միջոցառումներ, ուսումնական այցեր Բրյուսելում եւ Վիեննայում տեղակայված եվրոպական եւ միջազգային կազմակերպություններ։





























