Հուլիսի 2-ին Wikileaks կայքը հրապաակել է 19 երկրների ցուցակը, որոնցից ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը քաղաքական ապաստան է խնդրել:
Wikileaks-ը հայտնում է, որ հունիսի 30-ին իրավական հարցերով կայքի խորհրդատու Սառա Հարրիսոնը Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի հյուպատոսական բաժնին է հանձնել քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով ներկայացրած հայտերը, որոնք ուղղված են եղել Ավստրիային, Բոլիվիային, Բրազիլիային, Վենեսուելային, Գերմանիային, Հնդկաստանին, Իռլանդիային, Իսպանիային, Իտալիային, Չինաստանին, Կուբային, Նիդեռլանդներին, Նիկարագուային, Նորվեգիային, Լեհաստանին, Ռուսաստանին, Ֆինլանդիային, ԳԴՀ-ին եւ Շվեյցարիային:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան Los Angeles Times թերթը հայտնել էր Սնոուդենի ներկայացուցիչների կողմից ռուսաստանցի դիվանագետներին 15 երկրների ուղղված քաղապաստանի հարցում հանձնելու մասին:
Աղբյուր. Սնոուդենը ռուսաստանցի դիվանագետներին քաղապաստանի հարցում է հանձնել՝ ուղղված 15 երկրների
Ավելի ուշ տեղեկություն էր հայտնվել, որ Սնոուդենը քաղաքական ապաստան էր խնդրել նաեւ Ռուսաստանից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Սակայն այդ լուրը հերքել էին, միաժամանակ օդանավակայանի հյուպատոսական բաժնում հայտնել էին, որ Սնոուդենի ներկայացուցիչները համապատասխան փաստաթղթեր իսկապես հանձնել էին ՌԴ-ի ԱԳՆ, գրում է lenta.ru-ն:
Էդվարդ Սնոուդենն ԱՄՆ-ին մեղադրել է այլ երկրների առաջնորդների նկատմամբ ճնշում գործադրելու մեջ: Սնոուդենի հայտարարությունը հրապարակվել է նաեւ Wikileaks կայքում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը պահանջում է ձերբակալել Սնոուդենին եւ արտահանձնել ԱՄՆ-ին: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել լրտեսության եւ պետական գույքի յուրացման մեղադրանքով: Ներկայումս Սնոուդենը, ենթադրվում է, գտնվում է Մոսկվայի «Շերեմետեւոյի» տարանցիկ գոտում:



























