Լրագրող Սերգեյ Դորենկոն որոշել է  վերջնականապես  լքել «Ռուսկայա սլուժբա նովոստեյ» ռադիոկայանը, որտեղ 2008թ.-ից աշխատում էր որպես գլխավոր խմբագիր: Այս մասին ինքն է գրել Twiiter-ում:

Սերգեյ Դորենկո, լրագրող.  «ՌՍՆ-ի վերաբերյալ. Ոչ, ես չեմ աշխատի ՌՍՆ-ում: Դա միանգամայն հաստատ որոշում է: Սակայն ես իմ նախկին խմբագրությանը մի քանի շաբաթ պատրաստվելու ժամանակ կտամ»:

Հիշեցնենք, Դորենկոն ՌՍՆ-ի գլխավոր խմբագրի պաշտոնը լքեց այն բանից հետո, երբ ռադիոկայանի գլխավոր տնօրեն նշանակվեց News Media-ի հիմնադիր Արամ Գաբրելյանովը:

Լրագրողն իր որոշումը հիմնավորել էր ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու ցանկությամբ, սակայն հայտնի է, որ որոշմանը նախորդել էր լրագրողի հանդիպումը նոր գլխավոր տնօրենի հետ:

Սակայն այն ժամանակ հաղորդվել էր, որ Դորենկոն ՌՍՆ-ում կմնա աշխատելու՝ որպես առավոտյան շոուի հաղորդավար:

Ըստ ՆՏՎ-ի, որոշ տվյալներով՝ «Ռուսկայա սլուժբա նովոստեյ» ռադիոկայանից Դորենկոյի հեռացումը կապված է Ռուսական երկաթուղիների ղեկավար Վլադիմիր Յակունինի հետ ունեցած տարաձայնության հետ: Նախորդ տարվա նոյեմբերին լրագրողը իր հաղորդման մեջ Յակունինին մեղադրել էր «Ռուսական երկաթուղիների» փլուզման համար եւ ակնարկել, որ Սերդյուկովի բախտին է արժանանալու: