Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ հուլիսի 2-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիգերիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ալհաջի Թուքուր Մանին (նստավայրը՝ Թեհրան):
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Նիգերիայի ակտիվ գործունեությունը Աֆրիկյան միության շրջանակներում, կարեւորում նաեւ այդ երկրի ներդրումը աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման գործում:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու նպատակով իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:
Հանդիպմանը երկկողմ հարաբերություններից բացի, կարեւորվել է նաեւ բազմակողմ ձեւաչափով՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությունը:





























