Հուլիսի 1-ին Երեւանում` Նկարիչների միության շենքում տեղի է ունեցել «Չինաստանը հայերի աչքերով» գրքի շնորհանդեսը:

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի Խաղաղության կոմիտեի կողմից: Գիրքը պատմում է Չինաստանի մասին որոշ հայ հայտնի հասարակական եւ պետական գործիչների սեփական փորձի եւ տպավորությունների մասին: Ռուսաստանում Չինաստանի նախկին դեսպան, Միջազգային հետազոտությունների չինական հիմնադրամի գործադիր տնօրեն Լյու Գուչան ասել է, որ գիրքը եզակի պատուհան է, որի միջոցով Չինաստանը ճանաչելը շատ ավելի հեշտ է դարձել:

«Կենտրոնական Ասիայից հետո տարածվում է Կովկասը: Դա նշանակում է, որ կարելի է պնդել, որ տվյալ տարածաշրջանը մեր հարեւանն է: Հայաստանը Չինաստանի հետ հարաբերությունների երկարատեւ պատմություն ունի, Բացի այդ, մենք շատ ընդհանրություններ ունենք: Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը ոչ միայն կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը, այլեւ ծայրահեղ կարեւոր ասպեկտ կհանդիսանա Չինաստանի համար»,- ասել է Լյու Գուչանը` «Սինհուա» գործակալության թղթակցին:

Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Հեմինե Նաղդալյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին, հավելելով. «Համոզված եմ, որ այս միջոցառումը իր ներդրումը կունենա հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում»:

Միջոցառմանը ներկա է գտնվել Հայաստանում Չինաստանի դեսպան Տյան Չանչունը, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության մի քանի անդամներ: Գիրքը հրատարակվել է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 21 ամյակին:

Ավելի ուշ չինական պատվիրակությունը` Լյու Գուչանի գլխավորությամբ, ընդունվել է ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասերյանի կողմից: Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի եւ Չինաստանի հարաբերությունները: