Այն բանից հետո, ինչ Յուլիա Տիմոշենկոյի դուստրը պատմել է մոր ծայրահեղ ծանր վիճակի մասին, բեռլինյան «Շարիտե» կլինիկայի ղեկավար Կառլ-Մաքս Այնխոյպլը հաստատել է նրա խոսքը: Նա հայտարարել է, որ Ուկրաինայի նախկին վարչապետի առողջականը վատացել է: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ բուժում տրամադրել նրան Գերմանիայում:
Նախօրեին Տիմոշենկոյի դուստրը հաղորդել է, որ գերմանացի բժիշկները պնդում են, որ անհրաժեշտ է շտապ վիրահատական միջամտություն: Նա նաեւ ասել է, որ վիրահատությունը չանելու դեպքում իր մայրը կարող է հաշմանդամ դառնալ:
Իր հերթին Խարկովի հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որտեղ բուժվում է Տիմոշենկոն, նշել է, որ նախքան Գերմանիայում վիրահատվելը` Տիմոշենկոն պետք է բուժզննում անցնի, իսկ դա հնարավոր է անել նաեւ Խարկովում: Սակայն հուլիսի 1-ի դրությամբ նախկին վարչապետը դիագնոստիկայի համաձայնություն չի տվել:
Իր հերթին գերմանացի բժիշկը նշել է, որ եթե Ուկրաինայի նախագահը համաձայներ, որ Տիմոշենկոն բուժում անցներ Գերմանիայում, դա միայն կավելացներ նրա նկատմամբ հարգանքը: Այս մասին գրում է «Կոմմերսանտ-Ուկրաինան»:
Մինչ այդ, ուկրաինացի բժիշկները պնդում են, որ Տիմոշենկոյի առողջությանն առհասարակ ոչինչ չի սպառնում:





























