Եվրախորհրդարանը ֆրանսիական քննչական մարմինների հարցմամբ անձեռնմխելիությունից զրկել է իր պատգամավորներից  մեկին՝ Ֆրանսիական ազգային ճակատի առաջնորդ, ուլտրաաջ քաղաքական գործիչ Մարին Լե Պենին: Նա մեղադրվում է ռասայական խտրականության համար:

Մարին Լե Պենի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել  դեռեւս 2010թ., երբ հրապարակային ելույթում Լե Պենը փողոցում աղոթող մուսուլմանների հայտնվելը համեմատել էր Ֆրանսիայում նացիստական օկուպացման հետ:

LCI հեռուստաալիքի հետ հարցազրույցում  Լե Պենը հայտարարել է, որ ինքը համարձակվել է  ասել այն, ինչը մտածում են ֆրանսիացիները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Մարին Լե Պենն ամոթալի է անվանել Եվրախորհրդարանի որոշումը եւ դատարանում իրեն պաշտպանելու պատրաստակամություն է հայտնել:

«Ինձ դա բնավ չի զարմացնում, անգամ հակառակը: Ես պատրաստ եմ ինքս ինձ պաշտպանել դատարանում», BFMTV-ի եթերում հայտարարել է Լե Պենը: Նա հավելել է, որ իր խոսքերից չի հրաժարվում: «Ոչ ոք ինձ չի խանգարի Ֆրանսիայի բարձր հասարակության սկզբունքների  ամենօրյա խախտումների մասին ճիշտը բարձրաձայնելիս», -ասել է նա: