Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամ երկրները շարունակում են մտահոգված մնալ միջուկային եւ ճառագայթային ահաբեկչության սպառնալիքով: Այս մասին նշվել է ԱԷՄԳ Միջուկային անվտանգությանը նվիրված նախարարական համաժողովի նախարարական հռչակագրում, որն ընդունվել է հուլիսի 1-ին Վիեննայում մեկնարկած ԱԷՄԳ) Միջուկային անվտանգությանը նվիրված նախարարական համաժողովում:
«ԱԷՄԳ-ի անդամ երկրները կարեւորում են ԱԷՄԳ դերը համընդհանուր միջուկային անվտանգության ամրապնդման գործում եւ կոչ անում երկրներին պահպանել միջուկային անվտանգությունը, այդ թվում՝ միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանությունը, դրանց տեղափոխումը, օգտագործումն ու պահեստավորումը»,-ասված է հռչակագրում:
ԱԷՄԳ Միջուկային անվտանգությանը նվիրված նախարարական համաժողովը:
Այն գումարվել է ԱԷՄԳ Գլխավոր տնօրեն Յ. Ամանոյի նախաձեռնությամբ եւ միտված է վերանայելու միջուկային անվտանգության ամրապնդմանն ուղղված անցյալի ձեռքբերումները, ներկա մոտեցումները եւ մատնանշելու ապագա առաջնայնությունները:
Համաժողովին մասնակցում են մոտ 1300 պատվիրակ, 34 նախարար եւ 31 կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նախարարական համաժողովի արդյունքները հիմք կծառայեն ԱԷՄԳ 2014-2017թթ. միջուկային անվտանգության ծրագրի մշակման համար:
Համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը: Պատվիրակության կազմում են ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ներկայացուցիչներ:
Իր ելույթում դեսպան Կիրակոսյանը վերահաստատել է միջուկային զենքի չտարածմանը եւ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործմանն ուղղված Հայաստանի կառավարության հանձնառությունը: Նա անդրադարձել է ՀԱԷԿ-ում միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության նպատակով ձեռնարկված քայլերին եւ ապահովության միջոցառումներին: ՀՀ մշտական ներկայացուցիչը տեղեկացրել է նաեւ Հայաստանի կողմից վերջերս վավերացված ոլորտի կոնվենցիաների, ընդունված օրենքների, ինչպես նաեւ միջուկային անվտանգության ոլորտում ԱԷՄԳ եւ անդամ երկրների հետ իրականացվող ծրագրերի մասին:





























