Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում հուլիսի 2-ին մեկնարկել են Վճռաբեկ դատարանի կազմավորման 15-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումները, որին մասնակցել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պատվիրակությունը՝ նախագահ Դին Շպիլմանի գլխավորությամբ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Արցախի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, Վճռաբեկ դատարանի դատավորները, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահները եւ Արդարադատության խորհրդի անդամները:
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը բարձր է գնահատել եւ հատուկ շնորհակալություն հայտնել Եվրադատարանի պատվիրակությանը` Վճռաբեկ դատարանի կազմավորման 15-ամյակի միջոցառմանը մասնակցելու համար: Այնուհետեւ հաջորդել է քննարկում՝ Եվրադատարանի նախագահի եւ Վճռաբեկ դատարանի մասնագիտացված պալատների նախագահների միջեւ:
Քննարկման ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանն իր խոսքում նշել է, որ Հայաստանի Հանրապետություն այցն իր առաջին պաշտոնական այցերից մեկն է, որի ընթացքում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը նշում է կազմավորման 15-ամյակը: Իր խոսքում Դին Շպիլմանը նշել է նաեւ, որ Եվրադատարանը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ մինչ օրս կայացրել է շուրջ 50 որոշում, ինչը մյուս երկրների համեմատ բավականին դրական ցուցանիշ է:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը զարմանք է հայտնել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում առկա այն նորմի կապակցությամբ, ըստ որի դատավորների նկատմամբ հնարավոր է կիրառել կարգապահական պատասխանատվություն՝ Եվրադատարանի վճիռների կապակցությամբ:





























