Իսպանիայի իշխանությունները Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի օդանավը խուզարկելու թույլտվություն են խնդրել, բոլիվիացիները մերժել են:
Բոլիվիայի պաշտպանության նախարար Ռուբեն Սաավեդրայի խոսքով՝ Ավստրիայում Իսպանիայի դեսպանը հայտնել է, որ Իսպանիան չի թույլատրել իր տարածքով թռիչքը: Վերջնական որոշում կկայացվի հուլիսի 3-ին՝ «բարեկամ պետությունների հետ» խորհրդակցելուց հետո:
Սաավեդրան նշել է, որ թռիչքի թույլտվությունը կապված է օդանավը խուզարկելու հետ: «Սա շանտաժ է, մենք մերժում ենք պայմանը», - Սաավեդրայի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի իշխանությունները հետ էին կանչել իրենց երկրների օդային տարածքով Մորալեսի օդանավի թռիչքի թույլտվությունը: Օդանավը ստիպված վայրէջք էր կատարել Վիեննայում: Պատճառն այն ենթադրություն էր, որ օդանավում կարող էր գտնվել ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: Ավելի ուշ Ֆրանսիան եւ Պորտուգալիան թույլատրել էին թռիչքը: Ավստրիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Սնոուդենը Բոլիվիայի նախագահական օդանավում չէ:





























