Այս տարին նշանավորվում է հայ-ամերիկյան ամուր կապերի պահպանմամբ: Այս մասին հուլիսի 2-ին, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ դեսպանատանը ԱՄՆ Անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ:

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր են գնահատել հայ-ամերիկյան սերտ գործընկերությունը:

Իր ողջույնի խոսքում դեսպան Հեֆերնը նշել է. «Բարձր մակարդակում կանոնավոր կերպով ապահովվել է  քաղաքական եւ դիվանագիտական երկխոսությունը»: Նրա խոսքով՝ պետքարտուղար Քերրին անցյալ ամիս Վաշինգթոնում ընդունել է արտգործնախարար Նալբանդյանին ու գոհ է մնացել նրա հետ ունեցած բովանդակալի հանդիպումից:  Դեսպանը նաեւ հավելել է. «Մեր հիմնական գերակայությունը տնտեսական կապերի խորացումն է առեւտրի ու ներդրումների ծավալների մեծացման ու գործարար միջավայրի բարելավման միջոցով: Մենք աշխատում ենք, մեր ժողովուրդների միջեւ առկա կապերի վրա հիմնվելով, ձեւավորել փոխշահավետ տնտեսական հնարավորություններ»: Նա ողջունել է ԱՄՆ դեսպանության հետ աշխատող տարբեր կազմակերպություններին, անհատներին, խմբերին ու քաջալերել, որ նրանք աշխատեն նաեւ միմյանց հետ:

Միջոցառման ժամանակ Երեւանում ԱՄՆ դեսպանատանն առաջին անգամ ներկայացվել է ամերիկյան քանթրի երաժշտություն:  Հայկական «Իմեջին բենդը» ամբողջ երեկոյի ընթացքում հնչեցրել է տարբեր երգեր՝ ամերիկյան քանթրի ոճով, իսկ  «Նանե» պարային ստուդիան ներկայացրել է քանթրի խմբապար:

Նշենք, որ Անկախության օրը նշանավորում է Միացյալ Նահանգների ծննդյան օրը եւ Անկախության հռչակագրի ընդունումը, որ տեղի է ունեցել 1776թ.  հուլիսի 4-ին: