Վրաստանը զենք գնելու անհրաժեշտություն չունի, հուլիսի 3-ին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Իվանիշվիլիի խոսքով՝ Իսրայել կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել պաշտոնատար անձանց հետ: Հանդիպումներից որոշները նաեւ կոնֆիդենցիալ բնույթի են եղել, սակայն զենք գնելու մասին խոսք չի եղել:
«Ինչ վերաբերում է զենք գնելուն, ապա մենք նման անհրաժեշտություն չունենք: Մենք բանակցություններ ենք վարել Իսրայելի հետ, այդ թվում՝ կոնֆիդենցիալ, սակայն սխալ կլինի ասել, որ մենք այդ երկիր զենք գնելու էինք մեկնել: Այս փուլում մենք զենք գնելու կարիք չունենք, ամեն ինչ կարգին է», - Իվանիշվիլիի խոսքերն է մեջբերում «Ինտերպրեսնյուզը»:
Հիշեցնենք, Իվանիշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջին անգամ Իսրայել է այցելել հունիսի 24-25-ին:
Նախքան այցը իսրայելյան լրատվամիջոցները հայտնել էին, որ հնգամյա ընդմիջումից հետո վերականգնվում է Իսրայելի եւ Վրաստանի միջեւ համագործակցությունը: Մասնավորապես, Վրաստանը հետաքրքրված է իսրայելյան անօդաչու թռչող սարքերով եւ հակատանկային հրթիռներով:
Ավելի վաղ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել էր, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այցի ընթացքում երկկողմ համագործակցության հարցեր էին քննարկվել, այդ թվում՝ պաշտպանական ոլորտի, բայց ոչ՝ զենք գնելու վերաբերյալ:





























