Մահացել է ամենահայտնի եւ հարմար սարքերից մեկի՝ համակարգչային մկնիկի հայտնագործող Դուգլաս Էնգելբարտը: Ամերիկացին մահացել է 88 տարեկան հասակում, Քալիֆորնիայի իր տանը:
Գյուտարարի մահվան մասին Համակարգչային թանգարանին հայտնել է նրա դուստրը՝ Քրիստինան, գրում է Associated Press-ը: Գիտնականի կին Քարենը New York Times-ին հայտնել է, որ մահվան պատճառ է դարձել երիկամային անբավարարությունը:
Այն ժամանակ, երբ համակարգիչները ամբողջական սենյակներ էին զբաղեցնում, Էնգելբարտը փորձում էր դրանք օգտվողին առավելագույնս հասկանալի դարձնել:
1970թ. նա հայտնագործել եւ պատենտավորել էր մուտքագրման սարքը, որն ավելի ուշ անվանվեց «համակարգչային մկնիկ»: Այն փայտից էր եւ մետաղական երկու անիվներ ուներ՝ փոխկապակցված էկրանին երեւացող X եւ Y կոորդինատային առանցքների հետ:
Համակարգչային մկնիկը շուկա է մտել 1984թ., այն միացված էր տնային ամենաառաջին համակարգիչներից մեկին՝ Apple – Macintosh-ին: Այդ օրվանից ամբողջ աշխարհում մեկ միլիարդից ավելի մկնիկ էր վաճառվել, գրում է rbc-ն:
Էնգելբարտը նաեւ հայտնագործել է էլեկտրոնային փոստի ամենաառաջին տարբերակներից մեկը, տեքստային խմբագրիչների հիմք հանդիսացած ծրագրեր է ստեղծել: Նա նաեւ մասնակցել է ARPANet ցանցի մշակմանը, որը նախորդել է ժամանակակից ինտերնետին:





























