Այցելուների համար փակ կենդանաբանական այգու վագրերը հոշոտել են իրենց պարբերաբար կերակրող 72-ամյա իտալացուն:

Ողբերգությունը տեղի է ունեցել Տուրինի չգործող Մարտինատ կենդանաբանական այգում: Տարեց Մաուրո Լաժիարդը հարձակման է ենթարկվել հետեւից, երբ վանդակ է մտել՝ սովորականի նման վագրերին կերակրելու: Հանկարծակի Սամիր անունով վագրը  մյուս երկուսի հետ հարձակվել է տղամարդու վրա:

Լաժիարդի կնոջ աչքի առաջ  գիշատիչները նրան 30մ քարշ են տվել գետնի վրայով եւ հոշոտել: Ոստիկանները նրա մարմինն ավելի ուշ հայտնաբերել էին կենդանիների ջրամբարի մոտ: Հնարավոր է՝ ողբերգությանը նպաստել են վերջերս ծնված հինգ վագրիկները, որոնց կենդանիները փորձել են  պաշտպանել մարդկանցից:

Երկու տարի առաջ Լաժիարդն արդեն ենթարկվել էր իր վագրերի հարձակմանը, որից հետո ութ ամիս հիվանդանոցում էր եղել: Սակայն դա նրան չէր վախեցրել, այլ հակառակը, իրեն էր մեղադրում կատարվածի մեջ. ըստ նրա՝ կենդանիները կատաղել էին իր սափրվելու  քսուքի հոտից: 

Մինչդեռ տեղի բնակիչները կարծում են, որ  վաղ թե ուշ ողբերգությունը տեղի էր ունենալու, քանի որ գիշատիչներն իրենց ագրեսիվ էին պահում վատ  սնվելու պատճառով. նրանց կերակրում էին շաբաթն ընդամենը երկու անգամ, գրում է  NEWSru.com-ը:

Ներկայումս վագրերը գտնվում են անասնաբույժների խնամակալության տակ եւ վճռվում է նրանց հետագա ճակատագիրը: Վագր Սամիրին կքնեցնեն: