Լուսակերտում տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող 21-ամյա Տարոն Հայրունին իր` 4 օր շարունակ զորամասը լքելու հետ կապված տարբեր պատմություններ է պատմել: NEWS.am-ի տեղեկություններով` նա սկզբից հայտնել է, թե զորամասը լքել է սիրած աղջկա պատճառով, այնուհետեւ հերքել է` նշելով, թե ընկերուհի չունի: Զինծառայողը, այնուհետեւ, ասել է, թե մի շարք «տղայական հարցեր» կային դրսում` ընկերների հետ կապված, եւ եթե ինքը դուրս չգար զորամասից եւ չգնար այդ հարցերը լուծելու, վատ կլիներ: Նա նաեւ պատմել է, թե զորամասից դուրս գտնվող իր ընկերների հետ ինչ-ինչ ֆինանսական խնդիրներ է ունեցել, պարտքեր կար ինքը գնացել է «թարմ հետքի վրա»:
Մեր տեղեկություններով` թեեւ զինվորական դատախազությունում զինծառայողի` զորամասը ինքնակամ լքելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործ կա, բայց զինծառայողին չեն դատի, նրան կներեն` հաշվի առնելով մեկ տարվա ծառայության ընթացքում ցուցաբերած վարքը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անհետացել է Երեւանի Ավան վարչական շրջանի բնակիչ, ժամկետային զինծառայող 21-ամյա Տարոն Հայրունին: Վերջին անգամ նրան տեսել էին հունիսի 27-ին, առավոտյան 8.30-ի սահմաններում, Երեւանի Մարաշ թաղամասում: Նա հուլիսի 1-ի առավոտյան՝ ժամը 11.00-ի սահմաններում, կամավոր գնացել եւ ներկայացել էր զորամաս:





























