Ձկնորսության ժամանակ կորած դպրոցական տղան մի քանի օր անցկացրել է խուլ անտառում եւ ողջ մնացել: Համակարգիչներով եւ ժամանակակից տեխնոլոգիաներով տարված գյուղացի դպրոցականը շատ լավ գիտեր, թե ինչով կարելի է սնվել անտառում, որտեղ գտնել մաքուր ջուր եւ ինչպես գիշերել անտառում:
Հուլիսի 1-ին հոր հետ ձկնորսության մեկնած 9-ամյա Ռոման Պլոտնիկովին փնտրել են եւ փրկարարները, եւ կամավորները: Հուլիսի 6-ին տեղի բնակիչներից ու անտառապահներից կազմված խումբն անսպասելի գտել է փոքրիկին անտառում: Այդ պահին Ռոմանը հանգիստ նստած է եղել ծառի մոտ եւ կանաչ կոն է ծամել: Նրան հետազոտման համար տեղափոխել են Ասինովյան հիվանդանոց: Բժիշկները զարմացած հայտարարել են, որ փոքրիկը լրիվ առողջ է, չունի ոչ մի վնասվածք:
ԱԻՆ-ում հայտարարել են, որ դպրոցական տղայի օրգանիզմի ամրությանը կարող է նախանձել նույնիսկ հասուն տղամարդը, գրում է Life News-ը:
Փրկարարների խոսքով՝ միայնակ տղան տայգայում իրեն շատ ճիշտ է պահել:
«Օրվա ընթացքում ես քայլում էի որքան կարողանում էի, իսկ երեկոյան ծառի տակ տերեւներից անկողին էի պատրաստում, ծածկվում դրանով ու քնում»,-ասել է Ռոմանը Life News-ի թղթակցի հետ զրույցում: Տղան վայրի սխտոր ու կոն է կերել, իսկ ջուր խմել է առվակներից: Նա նաեւ պատմել է, որ լսել է գայլերի ոռնոց, բայց չի վախեցել:

























