Երեւանում հուլիսի 18-ին կկայանա «Հայաստան-Ճապոնիա» հեռուստակամուրջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդել է «Հիկարի» հայ-ճապոնական գիտական-լուսավորչական մշակութային կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը:
Հեռուստակամուրջը նվիրված կլինի Հիրոսիմայի ողբերգության տարելիցին:
Մեկ տարի առաջ հայաստանյան պատվիրակությունը մասնակցել էր Հիրոսիմայի ռմբակոծության տարելիցին նվիրված միջոցառումներին: Պատվիրակության կազմում եղել են 2 մեծահասակներ եւ 3 երեխաներ: Պատվիրակությունը Հիրոսիմա էր տարել 67 լապտերներ, որը խորհրդանշում էր ողբերգությունից անցած տարիների թիվը:
Լապտերներ ուղարկելու գաղափարը ծնվել է տարիներ առաջ եւ անգամ աջակցություն է ստացել այլ երկրների կողմից: Դրանց պատրաստմանը մասնակցել են ոչ միայն երեխաներ, այլեւ՝ մեծահասակներ, ովքեր ցանկանում են իրենց փոքրիկ ներդրումն ունենալ մոլորակի վրա խաղաղության հաստատման հարցում:





























