Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Ցենո Ռայխենբեխերն ավարտում է իր առաքելությունը տարածաշրջանում, որի կապակցությամբ Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նրան պարգեւատրել է ՀՀ արդարադատության  նախարարության Շահամիր Շահամիրյանի անվան ոսկե հուշամեդալով:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գերմանական կառավարության նախաձեռած այս համագործակցությունը Հայաստանի հետ սկիզբ է առել շուրջ 10 տարի առաջ:   Նախարար Հրայր Թովմասյանը, բարձր գնահատելով երկարամյա համատեղ աշխատանքը ԳՄՀԸ-ի հետ, շնորհակալություն է հայտնել  տարածաշրջանում ծրագրի ղեկավար Ցենո Ռայխենբեխերին   հատկապես արդյունավետ համագործակցության համար: «Սրտանց շնորհակալ եմ եւ համոզված, որ կշարունակեք մնալ հայ ժողովրդի եւ Հայաստանի բարեկամը»,- իր խոսքում նշել է Արդարադատության նախարարը:

Ցենո Ռայխենբեխերն իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար շեշտելով, որ այս տարիների համագործակցության արդյունք էր նաեւ դատաիրավական բարեփոխումների ծրագիրը, ինչն իրագործելու համար կշարունակեն աջակցել թե՛ ԳՄՀԸ-ի թիմը, եւ թե՛ տարածաշրջանում ծրագրի ապագա ղեկավարը:   «Շատ կուզենայի, որպեսզի այդ հրաշալի ծրագիրը լիովին կյանքի կոչվեր»,- ասել է Ցենո Ռայխենբեխերը:

Հրաժեշտի հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի երեւանյան գրասենյակի համակարգող Վարդան Պողոսյանը: