Ցանկացած հայ ընտանիքի հայտնի է ռումինական կահույքագործությունը եւ գյուղատնտեսական արտադրանքը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, Երեւանում մեկնարկած հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Նիստը համանախագահում են Գագիկ Բեգլարյանն ու Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը: Նիստի աշխատանքներին մասնակցել են հայ եւ ռումինական գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Միջկառավարական հանձնաժողովի նիստի բացման խոսքում  ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը համոզմունք է հայտնել, որ հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական կապերն ունեն զարգացման հեռանկարներ:

Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը համաձայնելով Գագիկ Բեգլարյանի  հետ նշել է, որ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության խորացումը կնպաստի հայ-ռումինական միջպետական կապերի էլ ավելի ամրապնդմանը: Նրա խոսքով՝  պետք է նախեւառաջ օգտագործել այն ավանդական կապերը, որոնք պատմության ընթացքում ձեւավորվել են ռումին եւ հայ ժողովուրդների միջեւ:

Հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նպատակն է՝ նպաստելու երկու երկրների կառավարությունների միջեւ երկարաժամկետ եւ տնտեսապես փոխշահավետ համագործակցության հաստատմանը,  ստեղծված հարաբերությունների ամրապնդմանը  տրանսպորտի, արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, անասնաբուժության եւ սննդամթերքի անվտանգության,  փոքր եւ միջին ձեռնարկատիրության, զբոսաշրջության բնագավառներում, ինչպես նաեւ՝ առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ:

Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ համագործակցության զարգացման համար ստեղծված է լիարժեք իրավապայմանագրային դաշտ, երկկողմ համաձայնագրեր են ստորագրված հնարավոր համագործակցության գրեթե բոլոր բնագավառներում:

Համագործակցություն է ստեղծվել երկու երկրների առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ, ներկայացվել են ՀՀ ներդրումային հնարավորությունները։

Հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի ավարտին նիստի համանախագահներ՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը ստորագրել են համատեղ Արձանագրություն: