Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 9-ին, շարունակվել է Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով դատական նիստը: 168.am-ից  տեղեկանում ենք, որ նիստի ընթացքում դատավոր Գագիկ Պողոսյանն ասաց, որ տուժող Պարույր Հայրիկյանի ու նրա ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանի կողմից դատարան է ներկայացվել քաղաքացիական հայց՝ գումարի բռնագանձման մասին: Դատավոր Գագիկ Պողոսյանը հայցադիմումը ընդունեց վարույթ, գործով երեք ամբաստանյալներ Խաչատուր Պողոսյանը, Սամվել Հարությունյանը, Վարդան Սեդրակյանը ճանաչվեցին քաղաքացիական պատասխանողներ: Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայրիկյանը ամբաստանյալներից պահանջել է մոտ 40 մլն դրամի չափով գումար, գումարի չափը պայմանավորված է ապացույցներով, բժշկական տեղեկանքներով:

Նիստի ընթացքում դատավարության կողմերը կարծիքներ հայտնեցին նախորդ դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի հարուցած մի խումբ միջնորդությունների վերաբերյալ: Դատարանը մերժեց պաշտպան Լ. Ավետիսյանի՝ քննչական փորձարարություն իրականացնելու մասին միջնորդությունը: Միջնորդության մերժումը հարուցեց գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի դժգոհությունը: Նա դատավոր Գագիկ Պողոսյանին բողոքեց. «Չեք լսում մեզ, լսում եք իրենց» (ամբաստանյալը նկատի ուներ այն հանգամանքը, որ քննչական փորձարարություն անցկացնելու միջնորդության մասին կարծիք հայտնեցին գործով մեղադրող Արամ Ամիրզադյանն ու տուժող Պ. Հայրիկյանի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը):  Խաչատուր Պողոսյանը նշեց, որ անհրաժեշտ է կատարել քննչական փորձարարություն. «Գնանք տեղը ցույց տանք ոնց ա եղել, որ ճիշտը չեն ասում»: Դատարանում քննարկվեց նաեւ պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը իր պաշտպանյալ Խաչատուր Պողոսյանի ավտոմեքենան ապրանքագիտական փորձաքննության ենթարկելու մասին, այն մերժվեց դատարանի կողմից: Դատարանը մերժեց նաեւ Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը` դատատեխնիկական փորձաքննություն անցկացնելու մասին:

Դատարանում կողմերը կարծիք հայտնեցին նաեւ պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի՝ կենսաբանական փորձաքննություն անցկացնելու միջնորդության մասին: Մեղադրող կողմը, ինչպես նաեւ տուժող կողմը, դեմ արտահայտվեցին միջնորդությանը:  Այս անգամ Լ. Ավետիսյանը միջնորդել էր գործով երեք ամբաստանյալներին՝ Խաչատուր Պողոսյանին, Սամվել Հարությունյանին եւ Վարդան Սեդրակյանին դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննության ենթարկել: Գործով ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը միջնորդությանը միացավ մասնակիորեն՝ նշելով, որ Վարդան Սեդրակյանին փորձաքննության ենթարկելու անհրաժեշտություն չկա «առնվազն այն պատճառով, որ ինքը դեպքին առնչություն չունի»: Վարդան Սեդրակյանը եւս միացավ իր պաշտպանի կարծիքին՝ կրկին նշելով, որ ՀՀ չորրորդ նախագահ դառնալու մասին իր հայտարարություններն իր նկատմամաբ դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություն անցկացնելու հիմք չեն:

Գործով մեղադրող Արամ Ամիրզադյանն առարկեց միջնորդության դեմ: Տուժող Պարույր Հայրիկյանը, ինչպես նաեւ նրա ներկայացուցիչը, ասաց, որ միջնորդության լուծումը թողնում է դատարանի հայեցողությանը՝ միաժամանակ ասելով, որ իրեն հայտնի չէ դեպք, երբ նման փորձաքննության կարիք ունեցող անձը հայտարարի, թե իրեն փորձաքննության ենթարկելու անհրաժեշտություն կա:

Ի դեպ, դատարանում ընդմիջման ժամանակ լսելի էր ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի եւ նրա կնոջ խոսակցությունը: Վարդան Սեդրակյանը կնոջը հորդորում էր այս անգամ կալանավայր գիրք չուղարկել: