Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 9-ին ընդունել է Ռումինիայի էկոնոմիկայի նախարար, հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի ռումինական կողմի նախագահ Վարուժան Ոսկանյանին:

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, թե Սարգսյանը ողջունել է Վարուժան Ոսկանյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որը Երեւանում այսօր մասնակցել է հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախարար Վարուժան Ոսկանյանի այցը, հանձնաժողովի նիստի եւ հայ-ռումինական գործարար համաժողովի անցկացումը նոր խթան կհանդիսանան երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանում մեծապես արժեւորում են Վարուժան Ոսկանյանի ջանքերն ու ավանդը ինչպես հայ-ռումինական հարաբերությունների զարգացման, այնպես էլ Ռումինիայում հայապահպանության գործում:

Ռումինիայի էկոնոմիկայի նախարարը գոհունակությամբ է խոսել Երեւանում անցկացված միջկառավարական հանձնաժողովի նիստի եւ երկու երկրների գործարար համայնքի ներկայացուցիչների շփումների մասին՝ ընդգծելով, որ Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացման, տարբեր ոլորտներում համագործակցության խորացման մեծ ներուժ կա, որն անհրաժեշտ է լիարժեք օգտագործել՝ ի նպաստ երկու երկրների եւ ժողովուրդների: