Հայաստանի կառավարությունը գումար է հատկացնելու արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Մելիքյանն ընդդեմ Հայաստանի» N 9737/06 գանգատով 2013 թվականի փետրվարի 19-ին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է Հայաստանի կառավարության հուլիսի 10-ին կայանալիք նիստի օրակարգում:

Մասնավորապես Հայաստանի արդարադատության նախարարությունը դիմել է կառավարությանը 2013 թվականի 3-րդ եռամսյակում հատկացնել 3,600 եվրոյին համարժեք դրամ` կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Մելիքյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 9737/06 գանգատով 2013 թվականի փետրվարի 19-ին կայացրած վճռի` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել` 3,600 եվրոյին համարժեք ՀՀ դրամ  որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Նշված գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն  օրինական ուժի մեջ է մտել 2013 թվականի մայիսի 19-ին, հետեւաբար, վճռի պահանջների կատարման վերջնաժամկետը 2013 թվականի օգոստոսի 19-ն է:

Նշենք, որ Էմիլյա Մելիքյանի գործը վերաբերել է արդար դատաքննության իրավունքին: