Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 9-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահի տեղակալ Սյաոյու Ժաոյին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սարգսյանը կարեւորել եւ բարձր է գնահատել ԱԶԲ-ի առաքելությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ ասիական տարածաշրջանում: Բանկի նախագահի տեղակալի կանոնավոր բնույթ կրող այցելությունները Հայաստան, Սերժ Սարգսյանի խոսքով, վկայում են ԱԶԲ-ի հետ մեր երկրի ընդլայնվող հարաբերությունների մասին: Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ Սյաոյու Ժաոյի ներկայիս այցը, ինչպես եւ նախորդները, արդյունավետ կլինի եւ կխթանի բանկի հետ մեր երկրի արգասաբեր համագործակցության զարգացումը, որն ուղղված է Հայաստանի տնտեսական կայուն աճի ապահովմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը:
ՀՀ նախագահը եւ Ասիական զարգացման բանկի նախագահի տեղակալը երկուստեք ընդգծել են բանկի օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ներդրումային ծրագրերի կարեւորությունը հեռանկարային մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ճանապարհաշինության եւ հատկապես Հայաստանի զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ծրագիրը:
Սյաոյու Ժաոն նշել է, որ ԱԶԲ-ն շահագրգռված է խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ եւ շարունակելու ջանքերը ներդրումների ներգրավման եւ Հայաստանի տնտեսական կայուն աճին նպաստելու ուղղությամբ:






























