Կանադայի Քվեբեկ նահանգում նավթ տեղափոխող բեռնատար գնացքի հուլիսի 6-ի վթարի զոհերի թիվը հասել է 15-ի: Վթարի վայրում եւս երկու դիակ են գտել, 30-ից ավելին անհետ կորած են:
Քննությունը եկել է այն եզրահանգմանը, որ վթարի պատճառը հանցավոր անփութությունն է եղել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ Քվեբեկի տեսուչ Միշել Ֆորժեին վկայակոչելով:
Ահաբեկչության վարկածը քիչ հավանական է համարվում: Պատահարի պատասխանատուին գտնելը շատ դժվար կլինի: Վթարից մի քանի ժամ առաջ գնացքում բռնկում էր եղել, ժամանած հրշեջները հանգցրել էին կրակը: Կրակը մարելիս լոկոմոտիվի շարժիչն անջատվել էր, ինչը կարող էր հանգեցնել ամբողջ գնացքի արգելակման համակարգի խափանմանը:
Մեքենավարը գնացքը կայանատեղ էր հասցրել եւ սպասում էր հերթափոխը հանձնելուն, երբ գնացքն անսպասելի շարժվել է՝ զառիվայրին թափ հավաքելով: Ականատեսնների խոսքով՝ այն 11 կմ անցել է լիակատար խավարում՝ առանց ազդանշանային լույսերի, մինչեւ որ հասել է 101կմ/ժ արագության եւ ընկել ռելսերից:
73 ցիստեռն հում նավթ տեղափոխող գնացքը ռելսերից ընկել է հուլիսի 6-ին Լյակ-Մեժատնիկ քաղաքում, ինչից հետո մի քանի պայթյուն է որոտացել: Քաղաքի կենտրոնն ամբողջությամբ այրվել է:
Կանադայում նավթ տեղափոխող գնացքի վթարի հետեւանքով ողջ քաղաքը հրդեհվել է



























