Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կուսակիցներից մեկը՝ Անջելինո Ալֆանոն, որը հիմա երկրի ներքին գործերի նախարարն է, մեղադրվում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին օգնելու համար, գրում է The Independent-ը: Խմբագրության տվյալով՝ մայիսի 29-ին Իտալիայի ՆԳՆ-ն հրահանգել էր կալանավորել եւ արտաքսել  ղազախստանցի հայտնի այլախոհ եւ ԲՏԱ բանկի նախկին ղեկավար Մուխտառ Աբլյազովի կնոջն ու դստերը: Ընդ որում, հայտնի է, որ ՆԳՆ ղեկավար Անջելինո Ալֆանոն Բեռլուսկոնիի կուսակցությունում բարձր դիրք ունի եւ նրա աջ ձեռքն է:

Հունիսին Իտալիայի իրավապահ մարմիններն արտաքսել էին Աբլյազովի կնոջը՝ պատճառաբանելով, որ նրա անձնագիրը կեղծ է: Սակայն այժմ Հռոմի դատարանը պարզել է, որ Ալմա Աբլյազովի փաստաթղթերը կարգին են եղել, եւ հարցականի տակ է դրել արտաքսման օրինականությունն ու դրա իրագործման արագությունը:

Խմբագրությունը նշում է, որ իտալացի որոշ լրագրողներ եւ քաղաքական գործիչներ Ալֆանոյին մեղադրում են նրանում, որ վերջինս Մուխտառ Աբլյազովի կնոջը եւ երեխային արտաքսել է Բեռլուսկոնիի խնդրանքով, որը մի անգամ Նազարբաեւին բնութագրել էր որպես «թանկագին ընկեր», գրում է  «Կոմերսանտը»:

Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետտան հայտարարել է, որ կարգադրել է ներքին քննություն վարել տվյալ հարցով: