Զարինով ականներն արտադրվել են Սիրիայի ընդդիմության կողմից վերահսկվող տարածքներում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մեր փորձագետները տեղում փորձանմուշներ են վերցրել, հետազոտել դրանք ՌԴ-ում գտնվող լաբորատորիայում, որը սերտիֆիկատ է ստացել քիմիական զենքի արգելման հարցերով կազմակերպության կողմից: Մասնագետները եկել են եզրակացության, որ ականը եւ դրանում գտնվողն զարինը գործարանի արտադրության չեն»,-ասել է նախարարը:

«Մեր լրացուցիչ տվյալներով ականներն ու այդ նյութը պատրաստվել են այս տարվա փետրվարին Սիրիայի տարածքում, որն այդ ժամանակ գտնվել է «Ազատ սիրիական բանակի» վերահսկողության տակ»,-ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ Մոսկվան ՄԱԿ-ին է փոխանցել փաստաթղթերի ու լուսանկարների ամբողջական փաթեթը, որտեղ ներկայացված են աշխարհագրական կոորդինատները, մեթոդներն ու անցկացված փորձաքննության արդյունքները:

Հիշեցնենք, որ նախօրեին փաստաթղթերը ՄԱԿ-ին է փոխանցել այդ կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ Լավրովը նաեւ հայտարարել է, որ կասկածում է, որ ԱՄՆ կոնգրեսի կողմից նախագահ Բարաք Օբամայի՝ սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու որոշման արգելափակումը կազդի Սիրիայում առկա իրավիճակի վրա:

«Նրանք ամենատարբեր, այդ թվում ժամանակակից զենք են ստանում եւ ակտիվորեն կիրառում դրանք»,-ասել է նա: Լավրովը հիշեցրել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչների խոսքը, որ իրենք կմասնակցեն Սիրիայի հարցով կոնֆերանսին «միայն Սիրիայի տարածքի մի մասը գրավելուց հետո»:

«Եթե հետեւենք այդ տրամաբանությանը, ապա մենք ոչ մի կոնֆերանս էլ չենք անցկացնի»,-ընդգծել է Լավրովը: