Ռուս փորձագետների վերլուծությունները բոլոր հիմքերը տալիս են ենթադրելու, որ Սիրիայի Հալեպ քաղաքի Խան էլ Ասալ արվարձանում թունավոր նյութերով հագեցած արկը պայթեցրել են գրոհայինները: Այն ոչ արդյունաբերական արտադրանք է եղել եւ զարին է պարունակել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
Նրա խոսքով՝ փորձաքննությունը ռուսական հավաստագրված լաբորատորիաներում անցկացվել է Սիրիայի կառավարության խնդրանքով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Պարզվել է, որ մարտի 19-ին գրոհայինները անկառավարելի «Բաշաիր-3» արկ են արձակել: Ոչ արդյունաբերական արտադրանք է եղել նաեւ զարին թունավոր նյութը:
«Այսպիսով, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Խան էլ Ասալում քիմիական զենքը կիրառել են զինված ընդդիմադիրները», - ամփոփել է Վիտալի Չուրկինը՝ հավելելով, որ արկի պայթյունի վայրից նմուշները վերցրել են անձամբ ռուս փորձագետները, դրանք երրորդ կողմի ձեռք չեն ընկել: Չուրկինը հայտնել է, որ փորձաքննության արդյունքները փոխանցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին, իսկ առաջիկայում զեկույցի կրկնօրինակները կհանձնվեն ՄԱԿ-ի ԱԽ այլ գործընկերներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին:





























