ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեի անդամները կողմ են քվեարկել սիրիացի ապստամբներին ռազմական օգնություն տրամադրման արգելափակմանը:

Նման որոշման պատճառն այն է, որ զենքը կարող է հայտնվել ահաբեկչական խմբավորումների, այդ թվում` «Ալ-Քաիդայի» հետ կապված, ձեռքը: Կոմիտեների անդամների կարծիքով, ԱՄՆ նախագահի վարչակազմի ծրագիրը լավ մտածված չէ եւ չի գործի, քանի որ զենքի վերահսկում չի նախատեսում, հաղորդում է The Hill-ը` վկայակոչելով կոմիտեներից մեկի ներկայացուցչին:

Աղբյուրի խոսքով` ընդունված միջոցները բավարար կլինեն, որպեսզի Բարաք Օբամայի վարչակազմի կողմից նախատեսված զենքի մատակարարումն անհնար դառնա, գրում է «Lenta.Ru»-ն:

Վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ օրենսդիրները խանգարում են իրենց իրականցնել ապստամբներին զինելու ծրագիրը` դրա հետ մեկտեղ որեւէ այլընտրանք չառաջարկելով: Հունիսի 14-ին Օբամայի վարչակազմը որոշում էր կայացրել հրաձգային զենքեր, հակատանկային համակարգեր եւ դրանց համար նախատեսված սպառազինություն մատակարարել սիրիացի ապստամբներին: