Սան Ֆրանցիսկոյում հարավկորեական Asiana Airlines ավիաընկերության Boeing-777-ի կոշտ վայրէջքի ժամանակ օդաչուներին կուրացրել են լազերով: Այս մասին քննության ընթացքում հայտնել է նրանցից մեկը:
ԱՄՆ-ի տրանսպորտային անվտանգության ազգային վարչությունը (NTSB) կստուգի այդ տեղեկությունները: Մեկ օր առաջ օդաչուները հայտնել էին, որ վթարը կարող էր տեղի ունեցած լինել խափանման պատճառով:
Անցած օրերի ընթացքում քննիչները եզրակացրել էին նաեւ, որ ուղեւորների տարհանումը հարկ եղածի չափ օպերատիվ չէր կազմակերպվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով NTSB-ի ներկայացուցիչներին:
«Մենք պետք է հասկանանք, թե ինչով է առաջնորդվել անձնակազմը», - ասել է վարչության ղեկավար Դեբորա Հերսմանը: Նա հայտնել է, որ արդեն հարցաքննվել են օդանավի բոլոր ուղեկցորդուհիները եւ ուղեկցորդները, բացի երեք մարդուց, որոնք այժմ հիվանդանոցում են: Նա ճշտել է, որ օդանավի հետնամասի պոկվելուց հետո անձնակազմի երեք անդամ ընկել էին թռիչքուղում եւ ողջ մնացել: Նախօրեին NTSB-ն հայտնել էր օդանավից ընկած երկու ուղեկցորդների մասին:
Սեուլից հուլիսի 6-ին թռիչք իրականացրած Boeing-777 օդանավում եղել է 307 մարդ: Նրանցից երկուսը զոհվել են, 182-ը` վիրավորվել:



























