Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Վանաձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 09:30-ի սահմաններում Վանաձորից Բազում գյուղ տանող ավտոճանապարհին՝ Սուրբ կամակատար վանքի հարեւանությամբ, միմյանց են բախվել Վանաձոր քաղաքի բնակիչներ, 32-ամյա Արթուր Սահակյանի վարած «ԳԱԶ-53» մակնիշի 09 LU370 համարանիշի եւ 42-ամյա Էդիկ Սարգսյանի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի 34 LD 796 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «ՎԱԶ-21074»-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել: Վթարի հետեւանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդները մեր գործընկերոջ հետ զրույցում զրույցում պատմել են, որ վթարը տեղի է ունեցել ճանապարհով անցնող կովերի պատճառով: Այսպես` «ԳԱԶ 53» բեռնատարը, կովից փախցնելով մեքենան, հայտնվել է հանդիպակաց երթեւեկելի գոտում, հենց այդ պահին կողային բախում է ունեցել իր ուղղությամբ ընթացող «ՎԱԶ-2107» մարդատար մեքենային, որի հետեւանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց ու բախվել բետոնե քարերին, այնուհետեւ կողաշրջվել:

Բարեբախտաբար, վարորդները մարմնական վնասվածքներ չունեն: Վարորդները նաեւ դժգոհել են, որ բազմաթիվ վթարներ են տեղի ունենում հովիվների անուշադրության ու անփութության պատճառով, սակայն իրենք չեն լսել մի դեպք, երբ իրավապահ մարմինները պատասխանատվության ենթարկեն վթարի պատճառ հանդիսացած վարորդներին:

Դեպքի վայրում աշխատել են Լոռիի ճանապարհային ոստիկանները՝ հետաքննիչ Դավիթ Խանաղյանի գլխավորությամբ: Տեղում են եղել նաեւ ԱՊՊԱ գործակալները:

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am