Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից 2013 թ. առաջին կիսամյակի բռնագանձումների ծավալը գերազանցել է 10 մլրդ  դրամի սահմանագիծը: Այդ մասին նշվել է այսօր՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում կայացած խորհրդակցության ընթացքում:

Ծառայությունում հարուցվել է 56.650 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա  51.447 -ի դիմաց:

Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում պահանջատերերի օգտին բռնագանձվել է 10 մլրդ 319 մլն 390 հազար 439 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բռնագանձված 7 մլրդ 123 մլն 852 հազար 314 դրամ գումարի դիմաց։ Պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 2 մլրդ 250 մլն 682 հազար 94 դրամ,  իրավաբանական անձանց օգտին՝ 5 մլրդ 128 մլն 92 հազար 540 դրամ, ֆիզիկական անձանց օգտին 1 մլրդ 132 մլն 856 հազար 332 դրամ, հայցի ապահովումներով վերականգնվել է 996 մլն 534 հազար 527 դրամ: Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով հարուցվել եւ ընթացք է տրվել 10 հազար 382 կատարողական վարույթների: Ավարտված եւ կարճված կատարողական վարույթների քանակը՝ 55 հազար 64, նախորդ տարվա 50 հազար 623-ի դիմաց: 

Խորհրդակցության  ընթացքում շեշտը դրվել է ոչ միայն  կիսամյակի արդյունքների եւ միջազգային համագործակցության նոր հեռանկարների, այլեւ բացթողումների ու թերացումների վրա: Վերջիններիս առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ, առաջարկվել ոլորտում առկա խնդիրների լուծման եղանակներ: