«Արմավիա»-ի նախկին աշխատակիցներից մի քանիսը չվճարված աշխատավարձերի հարցով դիմել են դատարան։ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով` «Արմավիա» ավիաընկերության 67 նախկին աշխատակիցներ դիմել էին աշխատանքի պետական տեսչությանը, որպեսզի այն զբաղվի իրենց չվճարված աշխատավարձերի խնդրով։
Բացի այդ կառավարության դիմաց վերջերս անցկացված բողոքի ակցիայի ժամանակ գործադիրը եւս աշխատավարձերի հետ կապված «Արմավիայի» աշխատակիցների դիմումը հասցեագրել էր Աշխատանքի պետական տեսչությանը։
Դիմումները հիմք են հանդիսացել, որպեսզի Աշխատանքի պետական տեսչությունը մայիսի վերջին վարչական վարույթ հարուցի, այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց տեսչության իրավական վերահսկողության բաժնի պետ Վարազդատ Դանիելյանը։ Դիմումներում առկա որոշ հարցերի պատասխաններ ստանալու համար անհրաժեշտություն էր առաջացել անցկացնել վարչական լսումներ։ Հունիսի 11-ին հրավիրված լսումների համար տեսչությունը «Արմավիա»-ից որոշ փաստաթղթեր էր պահանջել։ Ընկերության ներկայացուցիչը մասնակցել էր լսումներին, սակայն չէր ներկայացրել պահանջվող փաստաթղթերը։ Դանիելյանը ասում է՝ երկրորդ լսումների ժամանակ «Արմավիա»-ի ներկայացուցիչը չի մասնակցել եւ ներկայացրել համապատասխան փաստաթղթերը։
Տեսչությունը որոշել է ստուգում իրականացնել «Արմավիա»-ում. տեսչության աշխատակիցները չորս անգամ այցելել են «Արմավիա» եւ պահանջել փաստաթղթերը, սակայն ընկերությունում ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով չեն տրամադրել դրանք։
«Եթե մինչեւ վաղը այդ փաստաթղթերը ընկերության տնօրենի կողմից չներկայացվեցին, հաջորդ քայլը լինելու է ստուգման ընթացքը խոչընդոտելու վերաբերյալ վարչական իրավախախտման արձանագրություն կազմելը եւ այդ հիմքով վարչական վարույթ սկսելը», - ասաց պաշտոնյան։
Աշխատանքի տեսչության գնահատականներով՝ «Արմավիա»-ի պարտքը դիմումատու նախկին աշխատակիցներին մոտավոր հաշվարկներով գերազանցում է 100 միլիոն դրամը։ «Արմավիա»-ի նախկին օդաչուներից մի քանիսն արդեն մեկնել են արտագնա աշխատանքի։
Առավել մանրամասն կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում





























