Շատ կարեւոր է, որ անգլիական ընկերություններն ավելի ներգրավված լինեն Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերում: Այս մասին, հուլիսի 11-ին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Դեսպանը կարեւորել է Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ համագործակցությունը ինչպես ճանապարհաշինարարության, այնպես էլ կապի եւ հեռահաղորդակցության ոլորտներում:
«Մենք շահագրգռված ենք այդ բնագավառում ունենալ ավելի շատ համատեղ ծրագրեր: Հայաստանում նրանք կարող են մեծ հեռանկարներ ունենալ գործունեության ծավալման եւ փորձի փոխանակման առումով»,-ասել է նախարարը:
Նա Քեթի Լիչին ներկայացրել է նաեւ «Հյուսիս-հարավ» ծրագրի աշխատանքների արդյունավետ կազմակերպման կարեւորությունը, նշել, որ չնայած վերջին շրջանում առաջացած որոշ խնդիրներին, ամեն ինչ անելու են, որ ծրագիրն ունենա հաջող ավարտ:
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, վստահություն հայտնել, որ բոլոր հիմքերը կան համագործակցության նոր ոլորտներ ընդգրկելու եւ ընդլայնելու համար:





























