Ոստիկանությունն  արդեն սկսել է ճնշում գործադրել Երեւանի տրանսպորտային ընկերությունների վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Երեւանի ավտոտրանսպորտային երթուղիների սպասարկման երկու ընկերությունների սեփականատերեր(«գծի տերեր»)` պայմանով, որ իրենց անունները չի հրապարակվի:

Նրանց խոսքով` մի քանի օր առաջ  իրենց կանչել են Ոստիկանության Երեւանի վարչություն, որտեղ հայտարարել են, որ եթե նրանց երթուղայինները կամ ավտոբուսները թեկուզ ինչ-որ չափով խախտեն  երթեւեկության կանոնները, ապա գործարարների համար «վատ կլինի»: Նույնպիսի հետեւանքներ են խոստացել նաեւ կանգառներից դուրս կայանելու, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցում բարձր երաժշտության կամ ծխելու համար:

Գործարարների կարծիքով` այսպիսով իրենց ցանկացել են պարզաբանել, որ «վարձավճարի բարձրացում չարժե պահանջել»:

Հիշեցնենք, որ հուլիսի 7 –ից Հայաստանում գազի սակագինը բարձրացել է, որից հետո ավտոտրանսպորտային ընկերությունները պահանջել էին վերանայել քաղաքապետարանի հետ պայմանագիրը եւ թույլ տալ իրենց բարձրացնել երթեւեկության համար վարձավճարը:

Գործարարները դժգոհ են, որ երթեւեկության վարձավճարը տարիներ շարունակ մնում է 100 դրամ, թեեւ վերջին հինգ տարում կրկնակի թանկացել է թե գազը, թե դիզվառելիքը: