Ասիական զարգացման բանկից մենք խնդրում ենք արագացնել «Հյուսիս-Հարավ» ծրագրի Երրորդ տրանշի համաֆինանսավորման գործընթացը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Հայդիպման ժամանակ ԱԶԲ Տարածաշրջանային տրանսպորտի վարչության պետ Քսյաոհոնգ Յանգը գոհունակություն է հայտնել այս տարվա մայիսից «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքում տեղ գտած բարեփոխումների վերաբերյալ։ Նա նշել է, որ ԱԶԲ-ն էլ իր կողմից ինստիտուցիոնալ առումով ուժեղացրել է Ծրագրի կառավարման անձնակազմը եւ կշարունակի ավելի մեծ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքներին:
Նախարարն իր հերթին գոհունակությունն է հայտնել վերջին շրջանում աշխատանքներում նկատվող առաջընթացի վերաբերյալ եւ ԱԶԲ ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց երեք հիմնական հարցերի վրա:
«Մեզ համար շատ կարեւոր է «Հյուսիս-Հարավ» ծրագրի ճիշտ կազմակերպումը, համապատասխան մրցույթների հայտարարումը եւ հարավային կողմի նախագծերի պատրաստումը։ Հայաստանի Հանրապետության համար շատ կարեւոր է նաեւ Երեւանի շրջանցիկ ճանապարհի կառուցմանն աջակցելը, որը կապահովի հյուսիսային հատվածի միացումը հարավին: Սրանք մեզ համար չափազանց կարեւոր են, եւ ԱԶԲ-ից մենք խնդրում ենք արագացնել այդ պրոցեսը»,-նշել է նախարարը:





























