Հայաստանում բավականին լուրջ սոցիալական լարվածություն կա, սակայն «Նախախորհրդարան» շարժմանը չհաջողվեց այդ լարվածությունն անհրաժեշտ հուն ուղղորդել: Այս մասին NEWS.am-ին ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք «Նախախորհրդարանը» կարող է իր շուրջ համախմբել գազի եւ էլեկտրաէնեգիայի սակագնի բարձրացումից դժգոհ մարդկանց:

«Սոցիալական լարվածությունը կոնսոլիդացնել եւ մեկ հուն ուղղորդել չկարողացավ ոչ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ «Ժառանգության»  առաջնորդ

Րաֆֆի Հովհաննիսյանը,  այն դեպքում, որ նրանք հանրային քաղաքական պայքարի մեծ փորձ ունեն: Եթե նրանց մոտ դա չստացվեց, ինչու պետք է «Նախախորհրդարանի» մոտ ստացվի»,-նշեց Մինասյանը:

Նրա խոսքով` «Նախախորհրդարանը» զբաղված է քաղաքացիական ակտիվությամբ,  ոչ թե քաղաքական պայքարով: Միաժամանակ քաղաքագետը կասկած հայտնեց, որ  որեւէ քաղաքական ուժ իր ջանքերը կմիավորի «Նախախորհրդարանի» հետ: