«Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնությունը կասկածներ ունի, որ «Հայռուսգազարդ» ընկերությունը Հայաստանի կառավարությունից գնել է վերջինիս պատկանող 20 տոկոս բաժնեմասը: Այս  մասին այսօր` հուլիսի 13-ին հրավիրված ասուլիսին ասաց «Կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամ Արամ Գրիգորյանը:

Նրա խոսքով, եթե մեզանից թաքցնում են գազի պայմանագիր կոչվածը, ենթադրելի է, որ դա եղել է անցյալ տարի: «Այս դեպքում իրավունք ունենք ենթադրել, որ այդ քսան տոկոսի վաճառքի խնդիրը եւս իրականացվել է»,- ավելացրեց Արամ Գրիգորյանը եւ ավելացրեց, որ հանրային ծառայությունների հանձնաժողովը պետք է թույլ չտա, որ այդ գործարքը կատարվի հասարակության մեջքի հետեւում: 

Նախաձեռնության անդամ Անի Կաղինյանն էլ տեղեկացրեց, որ նամակ են ուղարկել Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը  պահանջելով, որ ներկայացնեն, թե այդ քսան տոկոս բաժնեմասն ինչ վիճակում է գտնվում: Երեկ պատասխան են ստացել, որ հարցը դեռեւս բանակցային փուլում է: Անի Կաղինյանը առաջարկեց, որ այդ քսան տոկոսը տրամադրեն հանրությանը: Այսինքն` հանրությունը հնարավորություն ունենա ձեռք բերել այդ բաժնեմասը, քանի որ դա իսկապես եկամտաբեր բաժնեմաս է: «Բացի դրանից, հանրությունը, եթե կարողանա ձեռք բերել, կունենա նաեւ վերահսկողության լծակը: Այնինչ, եթե այդ քսան տոկոսն էլ վաճառենք Ռուսաստանին, կկորցնենք մեր գազային եւ էներգետիկ անվտանգությունը, որը արդեն բավական մեծ տոկոսներով տրամադրել ենք Ռուսաստանին»,- ավելացրեց Անի Կաղինյանը: